ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՅԵԼԻ

ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՅԵԼԻ
07.12.2010 | 00:00

Աշխարհը լի է համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին դատողություններով, վերլուծություններով և կանխատեսումներով, իսկ համաշխարհային քաղաքական բանավեճը միայն մասամբ է ուշադրություն դարձնում օրախնդիր աշխարհաքաղաքական ճգնաժամին, որը դեռևս որոշակիորեն ու պատշաճ չի ձևակերպվել։ Համապարփակ և տարածաշրջանային անվտանգության խնդիրները վաղուց են գտնվում ուշադրության կիզակետում, բայց դարձյալ հարկ եղած չափով չեն արտացոլում աշխարհաքաղաքական իրողությունները։ Այդուհանդերձ, ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ անվտանգության խնդիրները հետզհետե ավելի շատ են արտացոլում ուժերի նոր աշխարհաքաղաքական հարաբերակցությունն արդի աշխարհում։ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի պետությունները, ինչպես նախկինում, անվտանգ, կայուն և կանխատեսելի գոյակցության նոր չափույթների որոնման մեջ են, բայց քաղաքական ու տնտեսական բազմաթիվ նպատակներ ու խնդիրներ այս կամ այն եղանակի կիրառման դեպքում խարխլում են այդ մտադրությունները։ Արևմտյան հանրակցությունը, որի մեջ հետզհետե ավելի են ներգրավվում Ռուսաստանը և Եվրասիայի այլ երկրներ, գտնվում է իմաստների ու հասկացությունների խոր ճգնաժամի մեջ, բայց դարձյալ վախենում է խնդիրներն արմատապես լուծելուց։ Համապարփակ բնույթի բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք ստեղծվել են «սառը պատերազմի» ժամանակաշրջանում կամ կոմունիստական համակարգի փլուզման շրջանում, ներկայումս կա՛մ կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, կա՛մ էլ արմատական վերաիմաստավորում են պահանջում։ Վերջին 20 տարում պարզվել է, որ արևմտյան հանրակցության առաջատար ԱՄՆ-ը դժվարանում է արդյունավետ և օպերատիվ քաղաքականություն վարել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի շրջանակներում, նրա շահերին բնավ չեն համապատասխանում Եվրամիության սկզբունքներն ու նպատակները, և, ի հակակշիռ ՆԱՏՕ-ի, այլընտրանքային ռազմական դաշինք ստեղծելու եվրոպական պետությունների փորձերը։
Ամերիկացիներին համանման կերպով ձեռնտու չէ նաև ԵԱՀԿ-ն՝ կազմակերպություն, որն ստեղծվել է միանգամայն այլ ժամանակաշրջանում և անգործության, երկերեսանիության ու քարացածության մի յուրատեսակ «ակումբ» է, որն ընդունակ չէ որևէ բան փոխելու ժամանակակից միջազգային հարաբերություններում։ Հարկ է նշել, որ թվարկված և այլ միջազգային կազմակերպությունների նկատմամբ նման վերաբերմունք է նկատվում ԱՄՆ-ում՝ անկախ վարչակազմի կուսակցական պատկանելությունից։ ԱՄՆ-ը չի կարող հաջող արտաքին քաղաքականություն վարել այն պայմաններում, երբ միջազգային օրինական որոշումների վրա ազդում են ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը, այլև առաջատար եվրոպական պետությունները։ Արևմտյան հանրակցության պետությունները հաճախ շահարկում են տվյալ կազմակերպություններին իրենց անդամակցությունը՝ սահմանափակելու համար ամերիկյան քաղաքականության խնդիրները։ Անվտանգության ապահովման ԱՄՆ-ի համապարփակ խնդիրները չեն համապատասխանում ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչ-որ չափով նաև` Առևտրի համաշխարհային կազմակերպության, միջազգային դատական ատյանների, կլիմայի վերահսկողության միջազգային կազմակերպությունների և համանման այլ կազմակերպությունների որոշումների ընդունման շատ սկզբունքներին։ Հետզհետե ավելի շատ են առաջարկություններ արվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վերակազմավորման վերաբերյալ։ Արդեն 90-ական թվականներին ԱՄՆ-ի քաղաքական որոշ շրջանակներ, իսկ հնարավոր է նաև կառավարությունը, ազդանշաններ էին ուղարկում ԵԱՀԿ-ի կամ վերացման, կամ վերակազմավորման անհրաժեշտության մասին, չնայած ամերիկացի քաղաքական գործիչների այն բազմաթիվ երդումներին, թե ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի գործունեության առաջնային ուղղությունն է։ Ո՛չ 90-ական, ո՛չ 2000-ական թվականները առավել հարմար ժամանակաշրջան չէին այնպիսի կառույցների բարենորոգման ուղղությամբ «կտրուկ ձեռնարկումների» դիմելու համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն։ Եվրոպայի առաջատար երկրները, Ռուսաստանը և Չինաստանը հազիվ թե պաշտպանեին ամերիկացիների առաջարկությունները։ ԱՄՆ-ը գերադասեց այդ թեման չարծարծել պաշտոնական մակարդակով, և համբերությամբ սպասում էր այդ կազմակերպությունների ճգնաժամի խորացմանը, դրանց դանդաղ մահացմանը։
ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերին, ավելի, քան այդչափ բարձր մակարդակի ներկայացուցչական այլ միջազգային համաժողով, ցուցադրեց տվյալ կառույցի կատարյալ անօգտակարությունն ու անգործունակությունը և, այսպես կոչված, հելսինկյան սկզբունքների մահացումը։ Դրա հետ մեկտեղ ԵԱՀԿ-ի և այն ամենի համահարթեցման գլխավոր լծակը, ինչը կապված է հելսինկյան համաձայնագրերի հետ, ո՛չ տնտեսական ճգնաժամ է, ո՛չ ահաբեկչական սպառնալիք, ո՛չ բազմապիսի սոցիալական ու ժողովրդագրական խնդիրներ և, իհարկե, ո՛չ էլ հրթիռամիջուկային ուժերի հավասարակշռության հետ կապված զինաթափման ու համապարփակ անվտանգության խնդիր, թեև դա, այսպես թե այնպես, ազդում է արևմտյան հանրակցության մեջ գոյակցության ներկայիս կարգի վրա։ Իր դարն ապրած այդ համակարգի քայքայման գլխավոր սպառնալիքը կամ, ավելի ճիշտ, արագացուցիչը դարձան աշխարհաքաղաքական գործընթացները, աշխարհաքաղաքական նոր հավասարակշռության ձևավորումը, թեպետ աշխարհաքաղաքականությունը չի կարող չարտացոլել տարբեր բնույթի համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացները։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այժմ էլ արդեն Հարավային Ասիայում, և աշխարհաքաղաքական նոր շահերի կազմավորումն արդեն բավականաչափ խարխլել են միջազգային հարաբերությունների կանոնները, որոնք ընդունված է անվանել միջազգային իրավունքի սկզբունքներ։ Էթնիկական և տարածաշրջանային փոքրամասնությունների «խռովության», համապարփակ ազատականության և ժողովրդավարության դարաշրջանում շատ ժողովուրդների և պետությունների իրավունքների առաջքաշման հետ մեկտեղ տեղի են ունեցել նաև ավելի մասշտաբային իրադարձություններ, երբ ուժի համաշխարհային կենտրոնները ձեռնամուխ եղան աշխարհաքաղաքական հաշվեկշռի ապամոնտաժման, ինչպես նաև պետական սահմանների վերաձևման։ Չնայած «տարածքային ամբողջականության» պահպանման անհրաժեշտության վերաբերյալ արված բազմաթիվ պնդումներին ու հայտարարություններին, ուժի համաշխարհային կենտրոնները և նրանց գործընկերները մտադիր չեն այլևս հանդուրժել ներկայիս սահմանները և ուժերի ստեղծված հաշվեկշիռը, քանի որ դա սահմանափակում է անվտանգության հետագա ապահովումն ու տնտեսական հաջող զարգացումը։ Ավելին, խոսքը վերաբերում է Արևմտյան հանրակցության գոյատևմանը ներկայիս սպառնալիքներին դեմ հանդիման, որպիսիք աշխարհում չեն եղել վերջին 500-700 տարվա ընթացքում։ Խնդիրն այն է, թե որ ժողովուրդներն ու պետությունները կարող են դառնալ ուժի համաշխարհային կենտրոնների գործընկերներ, իսկ որոնք ստիպված կլինեն հաշտվել «հումք մատակարարողի» դերի և գործառույթի հետ։
Աստանայի գագաթնաժողովում մեխանիկորեն հաստատվում են հին ու դարն ապրած սկզբունքները, որոնք նույնիսկ չեն փորձում ինչ-որ կերպ արդիականացնել կամ համապատասխանեցնել ներկայիս պայմաններին ու մարտահրավերներին։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ առավել ազդեցիկ պետությունները փորձում են պահպանել այն սկզբունքները, որոնց հիման վրա է ստեղծված ԵԱՀԿ-ն։ Եվ չնայած այն բանին, որ այլ պետություններ բնավ չեն դիմադրում և կարծես թե համերաշխ են այդ թեզիսների հետ, ակներև է դառնում արևմտյան հանրակցության փաստացի բաժանվելը մի շարք ակումբների։ ՈՒժի համաշխարհային կենտրոնները չեն շտապում բարենորոգել ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ այլ կառույցներ և շատ լկտիաբար «ուրիշներին» պահում են ընդունված տվյալ կանոնների շրջանակներում։ Այսինքն, ամենից շուտ խոշոր պետությունները, որոնք միմյանց միջև պայմանավորվում են բնավ էլ ոչ ԵԱՀԿ-ի կանոններով, այլ իրենց ազգային շահերին համապատասխան, բավականաչափ հաջողությամբ արդեն ընդունել են այլ կանոններ, ավելի ճիշտ, մեկ կանոն՝ եղանակներն ու մեթոդները կիրառել առանձին դեպքերին համապատասխան։ Ներկայումս ծիծաղելի կլիներ առաջատար պետություններին կասկածել այն բանում, թե նրանք իրենց արտաքին քաղաքականության մեջ հետևում են հելսինկյան սկզբունքներին։ Եվ դա բնավ էլ վատ չէ, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ որոշ ժողովուրդների ու երկրների հետ, եթե Եվրոպայում և Եվրասիայում գոյակցության համակարգը խարսխվեր միայն հելսինկյան սկզբունքների վրա, և իրական նախահարձակի վրա չկախվեր ուժի այնպիսի կենտրոնների պատասխան հակազդման սպառնալիքը, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը։ Դրա հետ մեկտեղ Աստանայի գագաթնաժողովը հասկացնում է, որ Եվրոպայի և Եվրասիայի անվտանգության ներկայիս համակարգում առանձնահատուկ ոչինչ չկա և չարժե զարգացման ինչ-որ նախադրյալներ փնտրել։ Ոչ մի զարգացում, բարենորոգում, հարմարեցում չեն սպասվում։ Հասկացնում է, որ պետությունների ճակատագրում շատ բան կախված կլինի հավակնությունները սանձելուց և ընդունված կանոններին ենթարկվելուց մինչ որոշակի պահ, երբ կանոնները, հնարավոր է, փոփոխվեն։ Ինչ խոսք, դա չի վերացնում որոշ վարդապետություններ, այդ թվում` չեղյալ չի հայտարարում տարածաշրջանային հակամարտությունների հրահրումը և դրանց կառավարումը ուժի համաշխարհային կենտրոնների շահերին համապատասխան։ Ընդսմին հասկանալի է, որ հիմնական պայքարն ընթանում է բնավ էլ ոչ փոքր երկրների, այլ ուժի գլխավոր կենտրոնների միջև։ Գագաթնաժողովում փոքր և միջին երկրների ներկայացուցիչների գլխավոր խնդիրն է ապահովել պետությունների և կառավարող վարչակարգերի ղեկավարների օրինականությունը, ինչն առանձնապես վերաբերում է Եվրասիայի և Բալկանյան տարածաշրջանի պետություններին։ Գագաթնաժողովն այդ երկրների ղեկավարներին հնարավորություն է տալիս պարզելու իրենց քաղաքական ու ֆինանսական հեռանկարները, այն հանգամանքները, որոնք ազդում են տարածաշրջանային իրավիճակի վրա։ Նշվում է, որ գագաթնաժողովում, փաստորեն, ուշադրություն չի դարձվում այնպիսի՝ արդեն հնամենի խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համանման այլ հարցեր։
Աստանայի գագաթնաժողովը բնավ նման չէ ԵԱՀԿ-ի 1999 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողովին, որտեղ դրված էին անվտանգության և պաշտպանության լուրջ հարցեր։ Անցած 11 տարում գլխավոր ինտրիգի «հերոսուհին»՝ Ռուսաստանը, լիովին հարմարվել ու ներհյուսվել է միջազգային պայմաններին և ձգտում է մնալ Արևմուտքի, նախ և առաջ Եվրոպայի, իսկ եթե հաջողվի` նաև ԱՄՆ-ի հուսալի գործընկերոջ կարգավիճակում։ Եթե բնորոշվի գլխավոր «տհաճությունը» այս գագաթնաժողովում, ապա դա ամերիկացիների դժգոհությունն է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մասնակցությամբ եվրոպաեվրասիական դաշինքի չափից արագ ձևավորումից։ Իհարկե, եթե ներկայումս Վաշինգտոնում իշխանության գլուխ գտնվեին հանրապետականները, ապա «մեծ եռյակի» այդ նախագծի նկատմամբ հակազդեցությունն այլ կլիներ, այսինքն, բավականին կոշտ, բայց Օբամայի վարչակազմն էլ է մտահոգություն դրսևորում տվյալ «վերեվրոպական» նախագծի առնչությամբ, որը հիմնված է, ըստ էության, ոչ թե հակաամերիկյան դիրքորոշման վրա, այլ ավելի շուտ աշխարհատնտեսական նպատակներ է հետապնդում` համաշխարհային քաղաքականության վրա ազդելու հայտով հանդերձ։ ԱՄՆ-ը խիստ դժգոհ է Եվրոպայում «անվտանգության նոր ճարտարապետություն» ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնություններից, իսկ ավելի շուտ` համաձայնեցված ֆրանս-գերմանա-ռուսական նախաձեռնությունից։ Այսինքն, եթե նախկինում ԵԱՀԿ-ն խոչընդոտ էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, ապա այժմ հենց ԱՄՆ-ը կջանա այդ կառույցը հետ պահել արագ նեխումից` անվտանգության համապարփակ համակարգի առումով ինչ-որ նոր բանի ծագման վտանգին դեմ հանդիման։ Թեև, եթե նկատենք այն, ինչն անհնար է չնկատել, այսինքն, գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների բացակայությունը, դա խոսում է այն մասին, որ բոլոր երեք «սկզբունքային» պետությունները դրսևորեցին իրենց վերաբերմունքը ԵԱՀԿ-ի՝ որպես ոչ էական կառույցի նկատմամբ։ Գագաթնաժողովում գերիշխում էին երկու այլ «սկզբունքային» պետություններ՝ Գերմանիան և Ռուսաստանը, այսինքն` մայրցամաքային Եվրոպայի առաջատար պետությունը՝ Եվրասիայում առավելագույն աշխարհատնտեսական ներկայության մեծ հավակնություններով, և գերիշխող եվրասիական պետությունը։ Գագաթնաժողովի անցկացումը տնտեսապես հաջող եվրասիական պետությունում՝ Ղազախստանում, ընդգծում է ԵԱՀԿ-ի պատասխանատվության և առաջնությունների գոտու, իսկ ավելի ճիշտ, անվտանգության ոլորտում Արևմտյան հանրակցության պատասխանատվության գոտու աշխարհաքաղաքական փոխդասավորության փոփոխությունը։ Այսինքն, կարելի է հասկանալ, որ Եվրոպայի անվտանգության խնդիրները, որոնք այլ բնույթ ու տրամաբանություն ունեն, կքննարկվեն ոչ թե ԵԱՀԿ-ի շրջանակներում, այլ ուրիշ ձևաչափով, իսկ Եվրասիայի (կամ Արևելյան Եվրոպայի) անվտանգության խնդիրները կքննարկվեն առավել տեղական չափույթով։ Այսինքն, Արևմտյան Եվրոպան իրեն իրավունք է վերապահում Արևելյան Եվրոպային և նրան հարակից եվրասիական տարածաշրջաններին վերաբերվել իբրև այլընտրանքային Եվրոպայի, որտեղ տեղի են ունենում այլ բնույթի գործընթացներ։ Ընդ որում, Կենտրոնական Ասիայի պետությունները, հատկապես Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը, հետզհետե ավելի ու ավելի են դիտվում իբրև ենթաեվրոպական մտածելակերպով պետություններ, ինչը տեղի է ունեցել ռուսական երկու կայսրությունների կազմում եվրոպականանալու երկար ժամանակամիջոցում։
Սակայն ոչ հրապարակային բնույթի այդ փոխադարձ հավակնությունները՝ գլխավորապես եվրոպական առաջատար պետությունների և ԱՄՆ-ի միջև, որոնք այնքան էլ հակամարտային բնույթ չեն կրում, պատնեշ չեն դառնա անվտանգության նոր համակարգի ձևավորման համար, առանց որի արևմտյան հանրակցությունը չի կարող բավականաչափ երկար գոյատևել։ Հենց այդ հարցում կդրսևորվի աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որն օբյեկտիվորեն ձևավորվել է տվյալ քաղաքակրթության շրջանակներում։ Նախկինում ամերիկյան վերնախավի ներկայացուցիչները, որոնց չի կարելի համարել երևելի վերլուծաբաններ ու քաղաքական նախագծողներ, բայց որոնք լայն կապեր ու աշխատանքի փորձ ունեն ԱՄՆ-ի պետական կառույցներում, առաջ են քաշել «ժողովրդավարական աշխարհի մասշտաբային տեղայնացման» գաղափարը։ Դա այլ բան չէ, քան ժողովրդավարական աշխարհի սահմանափակում աշխարհաքաղաքական որոշակի շրջանակներով առավել արևելյան երկրների կողմից, որպիսիք կդառնան Ռուսաստանն ու Թուրքիան։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական գոտին տվյալ դեպքում նշված է իբրև «ժողովրդավարական աշխարհ», ինչը, սակայն, նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ եվրոպական կամ եվրատլանտյան քաղաքակրթություն՝ մի քանի կցաճած երկրներով հանդերձ, որոնք այնքան էլ նույնական չեն այդ քաղաքակրթության հետ։ Այդ համադրույթի հեղինակները, որոնք, անտարակույս, իրենց վարդապետությունը համաձայնեցրել են ազդեցիկ շրջանակների, ինչպես նաև Վաշինգտոնի առաջին դեմքի քաղաքագետների հետ, ժողովրդավարական աշխարհի տվյալ սահմանափակման գաղափարը բացատրում են նրանով, թե համաշխարհային պաշարներն ու բազում սպառնալիքների առկայությունը հնարավորություն չեն տալիս այդ աշխարհն անսահման ընդլայնելու, և պետք է ինչ-որ տեղ կանգ առնել։ Ճիշտ է, ընդսմին ասվում է, թե այդ սահմանափակումը պայմանավորված է գիտատեխնիկական նվաճումների արդի մակարդակով, և նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս հաղթահարել այդ սահմանափակումը, բայց միանգամայն ճշտիվ նշված է տվյալ նախագծի իրականացման ժամկետը` 2050 թվական։ Տվյալ նախագիծը չի կարող դիտվել իբրև միանգամայն զտված ու մինչև վերջ ստուգված և ճշտված, քանի որ հասկանալի չէ, թե այդ սահմանափակված եվրատլանտյան տարածությանն ինչպես կվերաբերվեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Կորեան, Արգենտինան, որոնք պետք է ընդգրկվեն ՆԱՏՕ-ի մեջ։ Հարցերը շատ են, բայց առնվազն մեկը՝ աշխարհաքաղաքական սահմաններով պայմանավորված ու սահմանափակված անվտանգության համակարգը, արդեն իրավունք է ստացել քննարկվելու անգլոսաքսոնական վերնախավի շրջանում։
Իսկ ինչպիսի՞ն կլինի ԵԱՀԿ-ի ճակատագիրը։ Կպատշաճեր, որ մի ոչ շատ մեծ պետության ղեկավարը խիզախեր ու ելույթ ունենար Աստանայի գագաթնաժողովում՝ առաջարկելով որոշում ընդունել դադարեցնելու ԵԱՀԿ-ի գործունեությունը։ Դա կլիներ ազնիվ, տրամաբանական և հավանաբար կարժանանար ներկա գտնվող ղեկավարների հավանությանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ